Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասնեց գործի ընթացքը և պաշտպանական կողմի դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ այս պահին դատարանում քննվում է այն հարցադրումը, թե արդյոք մեղադրանքի տեքստը, որը ներկայացվել է դատարանին, թույլ է տալիս ազատազրկման հարցը քննարկել։ Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը ներկայացրել է որոշ հարցադրումներ, և ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց վերջնական դիրքորոշումը։
Օրբելյանը նշեց, որ գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներին կամ ցանկացած անձին կարող է վերաբերել։ Խոսքը վերաբերում է տեղեկատվության տարածմանը, հարցեր հարցնելուն կամ որևէ բան իմանալուն։
Փաստաբանը հստակեցրեց, որ խափանման միջոց կիրառման հարցը դեռ չի քննարկվել, քանի որ դրա հիմքերը առայժմ բացակայում են։
«Մեր կարծիքով՝ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան։ Մոտավորապես այն մոտեցումը, երբ առաջինը հարուցում են գործը, հետո քննում են, կալանավորում են, ապա ապացուցներ են փնտրում, ընդունելի չէ։ Չի կարելի մեղադրանք առաջադրել, երբ չունես անձին վերաբերելի, բավարար ծավալի ապացուցողական բազա»,– ընդգծեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ քննիչներին ներկայացված հարցի պատասխանը մեկն է եղել․ «Դա դեռ չենք ստուգել»։
Օրբելյանը հստակեցրեց, որ Թևանյանին առաջադրված մեղադրանքում չկա «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում։ Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը պարզ հարց է տվել՝ արդյոք մեղադրվում է անձը պետական գաղտնիք փոխանցելու համար։ Պատասխանը եղել է, որ այն գրված է մեղադրանքի տեքստում։ Փաստաբանը հավելեց, որ նրանք փորձում են հասկանալ, թե որն է այդ պետական գաղտնիքը, քանի որ մեղադրանքի փաստաթղթի տակ պետական գաղտնիքի հնարավոր թեմայի մասին ստորագրություն է կատարվել։