Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ Բաքվում մայիսի 26-ին պետք է տեղի ունենան որոշ հայ գերիների գործերով վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ Այս տեղեկությունը հասել է գերիների ընտանիքներից։
Իրավապաշտպանը նշում է, որ իրենք չունեն պատկերացում՝ ում գործերով է հենց այդ օրը կայանալու լսումը, ինչպես է այն կազմակերպվել և ինչպես են ընդունվել վարույթները։ Այս անհնարինության պատճառը հիմնականում այն է, որ նրանց չեն տրամադրվել ռազմական դատարանի կողմից կայացված դատավճիռները։
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա», – ընդգծում է Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ հենց այդ անհնարինության պատճառով էլ նրանք դիմել են «հովանավոր տերության» մեխանիզմի գործարկմանը։ Սակայն, ցավոք, այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Նա նաև հավելում է, որ հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը շարունակում է չկիրառված մնալ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում գտնվում է 19 հայ գերի։ Բաքվում սկսված «դատավարությունը» Արցախի նախկին ղեկավարների գործով ավարտվեց այս տարվա փետրվարի 5-ին։ Դրա արդյունքում Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քնվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին նրան 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։