Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետևանքով ստեղծված իրավիճակը անհեթեթ է։
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային համաձայնագրի է միացել, որի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող այցելել մեր երկիր, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում է։
«Ուրեմն Զելենսկին կարող է գալ, ՌԴ նախագահը չի կարող գալ։ Լավ, բարեկամ երկրի, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է մեր ժողովրդի 80 տոկոսի բարեկեցության զգալի մասը, ո՞նց եք նման բաներ անում։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջ շղթան պետք է վերանայվի»,– նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ նման որոշումներ կարող են բացասական հետևանքներ ունենալ երկրի անվտանգության և տնտեսության վրա։
Քոչարյանը նաև նշեց, որ կան միջազգային կոնվենցիաներ, որոնց Հայաստանը իսկապես չպետք է միանար։ Նրա խոսքով՝ բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնց անգամ ԱՄՆ-ը չի միացել, սակայն Հայաստանը, «առաջ ընկած», որտեղ ով ինչ կոնվենցիայի է միանում, մենք էլ ենք միանում։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ լիիրավ անդամ։ Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել։