Իմ տեսակետից, այսպես կոչված «անկլավների» հարցը բացարձակապես գոյություն չունի, եթե մենք մեր առաջնային նպատակը դնենք Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին ես հայտարարեցի այսօր կայացած ասուլիսում՝ անդրադառնալով իշխանությունների կողմից առաջարկվող քաղաքականությանը։
Իմ վերլուծությունը հիմնված է Տավուշի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենում եղած իրականության վրա։ Ես հստակ տեսնում եմ, թե ինչ աղետալի հետևանքներ կունենա ադրբեջանական կողմի պահանջների իրագործումը։
Այս գործարքի արդյունքում մենք կունենանք իրարից կտրված բնակավայրեր։ Օրինակ, Կայան բնակավայրը, որը գտնվում է այս տարածքների մոտ, կիսվելու է ամբողջությամբ։ Գյուղեր, ինչպիսիք են Այգեհովիտը և Վազաշենը, կմնան առանց ճանապարհների՝ կտրված մայրցամաքից։ Բարձրունքները, որոնք զբաղեցնելու են ադրբեջանական զինված ուժերը, կդառնան ավելի վտանգավոր՝ ոչ միայն խոտհարքերի և վարելահողերի, այլև մեր տների և դպրոցների համար։ Սա անվտանգության տոտալ կոլապս է։
Ես չեմ խոսում միայն մարդկային կյանքի անվտանգության մասին, այլև ռազմավարական ենթակառուցվածքների։ Գազի խողովակները, ինտերնետի մալուխները, որոնք մեր երկրի կյանքի համար անհրաժեշտ են, կգտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ։
Այս համատեքստում, գործող իշխանությունների այն թեզը, թե Տավուշի տարածքները կարելի է փոխանակել կամ համեմատել Արծվաշենի հետ, բացարձակ կեղծիք է։ Ինչի՞ է Նիկոլ Փաշինյանը տանում այս անկլավային խոսույթը։ Եթե դու համեմատում ես անվտանգության տեսանկյունից Արծվաշենը և այն տարածքները, որոնք մտադիր են տալ Ադրբեջանին, ապա դրանք անհամեմատելի են։
Ադրբեջանի նպատակը ոչ թե հողային հավասարակշռությունն է, այլ Հայաստանի կենսունակությունը վերացնելը։ Ես, եթե լինեի Ադրբեջանի տեղում, կասեի՝ «Մի 5 Արծվաշեն էլ տվեք ինձ, մենակ այդ տարածքները տվեք, որովհետև անվտանգության առումով մեզ համար խնդիր է առաջանալու, քանի որ Արծվաշենը շրջափակման մեջ է»։ Այդքան մեծ տարածք ունեցող Ադրբեջանն ինչո՞ւ է այդ տարածքներին կառչել, եթե ոչ այն պատճառով, որ դրանք կօգտագործի մեր անվտանգությունը բզկտելու համար։
Հետևաբար, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այս զիջումների շղթան և պետական մակարդակով փոխել բանակցությունների ողջ տրամաբանությունը՝ ելնելով բացառապես Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունից։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, որն Ադրբեջանը համարում է իր անկլավը, ապա պետք է հիշել, որ այն պատմականոերեն միշտ Հայաստանի Հանրապետության մաս է կազմել և Սյունիք տանող կարևոր ճանապարհ է։ Մենք պետք է կառչենք մեր իրավական և պատմական իրավունքներին, այլ ոչ թե առաջ տանենք Բաքվի շահերը։