Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես և Ադրբեջանի երկաթուղին, այժմ բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքի համար։
Հայաստանը, ունենալով երկաթուղային կապ Վրաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, հիմա նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով կապված է Եվրոպական Միության հետ։
Այս շրջանակում առաջիկայում նախատեսվում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումը։ Այս իրադարձությունները կլինեն TRIPP նախագծի իրագործման արդյունք։
TRIPP նախագիծը, որի անվանումն է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար», նախատեսում է Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում։ Նախագիծը կիրականացվի բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ առանց երկրի ինքնիշխանությանը սահմանափակելու։
Այն տնտեսական բնույթի նախաձեռնություն է, որը ներառում է երկաթուղու, ավտոմոբիլային մայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային կապի գծերի կառուցում։ Նախագծի իրականացմամբ կզբաղվի ամերիկյան ընկերություն՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Ըստ ներկայացված ծրագրի՝ ամերիկյան կողմը նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ կստանա մինչև 99 տարի ժամկետով՝ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որը պատասխանատու կլինի ենթակառուցվածքի զարգացման և անվտանգ շահագործման համար։