Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ինչպես հայտնի դարձավ, «Եվրատեսիլ»-ի ժամանակ Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։ Այս սխալի առիթով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից։
Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված նամակում նշել է, որ լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։
«Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել», – ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ նմանատիպ սկանդալ Իսրայելի հանրային հեռուստաալիքի պատմության մեջ արդեն տեղի էր ունեցել նաև 2025 թվականին։ Այդ ժամանակ «Եվրատեսիլ»-ի ընթացքում Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր, որ Հայաստանին Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս են տվել։ Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նույնպես պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից, որն ավելի ուշ հրապարակային ներողություն էր խնդրել։