Այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել էր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը հետաձգվեց։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ իրենց պաշտպանյունին խափանման միջոցը փոխելու մասին։ Դատախազը, իր հերթին, դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգելու համար։
Դատարանը քննարկեց կողմերի միջնորդությունները և որոշեց նիստը շարունակել ապրիլի 17-ին՝ ժամը 13:30-ին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն էր կատարվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ իր հրապարակային հայտարարությունում քննադատելով այն խմբակը, որը, նրա խոսքով, հարձակվել էր հայ եկեղեցու վրա։ Կալանավորումը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։
Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները վերաբերում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խախտմանը՝ 290-րդ (հարկերը չվճարել), 296-րդ (փողերի լվացում) և 422-րդ (հրապարակային կոչեր՝ ուղղված իշխանության զավթմանը)։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ գործարարի դեմ առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ ավելացվելով Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կապակցությամբ։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել էր գործարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա տեղափոխվեց իր տուն։