Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների նկատմամբ քրեական վարույթ է սկսվել Շիրակի մարզում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ քրեական վարույթ է սկսել։

Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, կուսակցության անդամները բարեգործության անվան տակ անհատույց շինարարական նյութեր են տրամադրել Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար։

Այս գործով կատարվել են խուզարկություններ, և առկա են ձերբակալվածներ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր մեկ այլ տեսանյութ, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին էին մեղադրում իրենց օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու համար ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ըստ կոմիտեի՝ այդ գործողությունները կատարվել են Տավուշի մարզում։