ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ընթացող քրեական վարույթների շրջանակներում վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ։
Ձերբակալվածներից 13-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև տեղեկացրել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։